Երևան 10/05/2025 14:18
Մամուլով առաջնորդվեմ, սաղիդ պիտի լցնեմ ԱԱԾ-ի պադվալը. ձայներդ կտրեք, ներվերս էլ չուտեք. Փաշինյանը հունից դուրս եկավ | Արցախից բռնի տեղահանված Կարոլինա Ամբարձումյանը` Եվրոպայի չեմպիոն | Հակակոռուպցիոն կոմիտեն Գյումրիում բժիշկ է ձերբակալել | Բաքուն Երևանին կրակոցների վերաբերյալ տեղեկություններ է փոխանցել․ վարչապետի աշխատակազմ. Factor.am | Այո, մասնակցելու եմ Մոսկվայում Մայիսի 9-ի միջոցառումներին. Ճիշտ չէր լինի նման առիթը բաց թողնել. Նիկոլ Փաշինյան | Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի տարանջատումն սկսվել է 2008-ից հետո. «Հայաստան» դաշինքի պատգամավոր | Կոլապս Մոսկվայի օդանավակայաններում․ ԱԹՍ-ների հարձակման պատճառով տասնյակ չվերթներ չեղարկվել կամ հետաձգվել են․ՏԵՍԱՆՅՈՒԹ | Երևանում ԱՄՆ դեսպանատունն անցնում է հարցազրույցի նշանակման և փաստաթղթերի ներկայացման նոր առցանց համակարգի |

Արցախ

Հունվարին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հնարավոր է հանդիպեն
Հունվարին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հնարավոր է հանդիպեն
01/01/2019 02:51

Արցախա–ադրբեջանական շփման գծում իրավիճակն այժմ համեմատաբար հանգիստ է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանավոր պայմանավորվածությունն ընդհանուր առմամբ պահպանվում է, բայց պրակտիկան ցույց է տալիս, որ իրավիճակը կարող է ցանկացած պահի փոխվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը։

 

Նրա խոսքով` 2019 թվականի հունվարին կարող է կայանալ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ  Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի նոր հանդիպումը։ Կարելի է ենթադրել, որ նախարարների խնդիրներից մեկը կլինի երկու պետությունների ղեկավարների մակարդակով բանակցությունների կազմակերպումը։ Հենց հանդիպումների արդյունքներից է կախված, թե ինչ իրավիճակ կլինի Արցախի շփման գծում հաջորդ տարի։

«Իմ զգացողությամբ Ադրբեջանն այժմ փորձում է իրեն ներկայացնել որպես կառուցողական գործընկեր։ Սակայն իրականում Բաքուն չի հրաժարվել ռազմատենչ ծրագրերից, և այդ առումով Ադրբեջանի իշխանության ներկայացուցիչների շուրթերից վերջին ամիսներին հնչող դրական մեսիջներն ու հայտարարությունները նպատակ ունեն իրավիճակի սրման դեպքում ապահովագրել իրենց միջազգային հանրության քննադատությունից», – ասաց Աբրահամյանը։

Նա ենթադրում է, որ այդ տրամաբանության մեջ է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի` վերջերս արված հայտարարությունը, որում նա «դրական առաջընթացի» հույս էր հայտնում 2019 թվականին։

Իրականում, Աբրահամյանի կարծիքով, չի կարելի բացառել, որ 2019 թվականի հունվար–փետրվարին հակամարտության գոտում իրավիճակը կարող է սրվել, և այդ ժամանակ Ադրբեջանի իշխանությունները կասեն, որ իրենք ջանք են գործադրել վստահության մթնոլորտ ձևավորելու համար։ Այդպիսով Ադրբեջանը պատասխանատվությունը կդնի հայկական կողմի վրա։

 

«Ադրբեջանը խոսքով է ցուցադրում խաղաղ բանակցություններին պատրաստակամ լինելը։ Իրականում Բաքվի գործողություններն ուղղված են բանակցությունների տապալմանը։ Մասնավորապես, այդ մասին են վկայում շփման գծում նախապատրաստական ակտիվ աշխատանքները` դիրքերի ամրապնդում, ինժեներական աշխատանքներ և այլն», – ավելացրեց մեր զրուցակիցը։

Արցախի ղեկավարի խորհրդականի խոսքով` հակամարտության գոտում իրավիճակը կարող է փոխվել հաշված ժամերի ընթացքում։ Շփման գիծը երկու կողմից էլ լցված է տեխնիկայով, սարքավորումներով և սպառազինությամբ։ «Միևնույն ժամանակ հայկական ԶՈւ–ն պատրաստ է հակառակորդի ցանկացած անակնկալին և անսպասելի իրավիճակին»,– ասում է նա։ Ավելին, բանակի հնարավորությունները թույլ են տալիս սադրանքները կանխել դեռ վաղ փուլում։

«Ընդհանուր առմամբ, իրավիճակը հիմա համեմատաբար հանգիստ է։ Ժամանակ առ ժամանակ հրադադարի ռեժիմի որոշակի խախտումներ հնարավոր են, բայց դրանք չեն կարող ազդել ընդհանուր պատկերի վրա», – նշեց նա։

Հայաստանի ԶՈւ–ն ցանկացած պահի պատրաստ է իրականացնել իր առջև դրված խնդիրները, պահպանել անվտանգությունն ու սահմանների անձեռնմխելիությունը, ավելացրեց Աբրահամյանը։

 

Հիշեցնենք, որ Մամեդյարովն անցած շաբաթ հայտարարել էր, որ Փաշինյանի ու Ալիևի զրույցները ԱՊՀ գագաթնաժողովների շրջանակում` Դուշանբեում և Սանկտ Պետերբուրգում, ինչպես նաև Զոհրաբ Մնացականյանի հետ կայացած իր երեք հանդիպումները բանակցային գործընթացում առաջընթաց արձանագրելու «որոշակի լավատեսության հիմք են տալիս»։ Ադրբեջանի նախարարը ճշտել էր, որ «առաջընթաց» ասելով` ենթադրվում է «զորքերի դուրսբերում Ադրբեջանի օկուպացված տարածքներից»։

Երևանն արձագանքեց Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի այս արտահայտությանը։ Հայաստանի ԱԳՆ–ն կոչ արեց հրապարակային հայտարարություններում զսպվածություն ցուցաբերել, ինչը կնպաստի բանակցություններին, «եթե, իհարկե, դրանց նկատմամբ ստանձնած պարտավորությունները պահպանելու ցանկություն կա»։